Արմինֆո. Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով կամ այլ երթուղիներով, այդ թվում՝ Ակնայով (Աղդամով): Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հայտարարությունում:
Այդ առնչությամբ մարդասիրական կազմակերպությունը պատասխանատու աաանձանց կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողություններն այդ շրջանում:
"Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այդ երթուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը ։ Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը: Մրգերը, բանջարեղենը և հացը դառնում են ավելի սակավ և թանկ, մինչդեռ որոշ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկային մշակաբույսերը, ձուկը և հավը, մատչելի չեն: Վերջին անգամ ԿԽՄԿ - ին թույլատրվել է այդ տարածք բժշկական նշանակության առարկաներ և հիմնական սննդամթերք ներմուծել մի քանի շաբաթ առաջ", - ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ:
Կազմակերպությունում հիշեցրել են, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ՝ կողմերը պետք է թույլ տան եւ դյուրացնեն մարդասիրական օգնության արագ եւ անարգել առաքումը կարիքավոր քաղաքացիական անձանց: Սա ներառում է դեղորայք եւ հիմնական սնունդ:
"Մարդասիրական օգնությամբ մեր շարասյուները փրկօղակ են հանդիսանում այդ շրջանի բնակչության համար ։ Քանի որ այդ ավտոշարասյուններն արգելափակված են, մենք մտահոգված ենք հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենց: Հատուկ ռիսկի են ենթարկվում հիվանդները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, տկարները և երեխաները: Որպեսզի մենք կարողանանք գործել այստեղ, մեզ պետք է, որ կողմերը հասնեն հումանիտար կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկելուն ուղղված աշխատանք է, և այն պետք է շարունակվի", - ասել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը։
Նշվում է նաև, որ ԿԽՄԿ-ն շարունակում է երկկողմանի երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական գործունեությունը՝ նման կոնսենսուսի հասնելուն պես:
"ԿԽՄԿ-ի աշխատանքը խիստ մարդասիրական բնույթ է կրում։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ԿԽՄԿ-ն կարողացել է միջանցքով տարհանել 24 հիվանդի ՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժումը: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի դեկտեմբերից ի վեր կազմակերպությունը տարհանել է ավելի քան 600 մարդու, որոնք շտապ բժշկական օգնության կարիք ունեին", - հավելել են ԿԽՄԿ-ում։