Արմինֆո.Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության, արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը: Այդ մասին ասվում է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի հայտարարությունում, որը հրապարակվել է ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի ֆեյսբուքյան էջում, կազմակերպության էջում եւ կայքում։
«Այլևս զարմանալի չէ Ի.Ալիևի ցինիզմի մակարդակը՝ Ադրբեջանում լրագրողական կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ֆորումի անցկացման մասով, վերջերս անգամ պարզվեց, որ այդ երկրում կան «բնապահպաններ»: Սակայն մեզ համար տարակուսելի է, որ սովի մատնվող հայ երեխաներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց դահիճների կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում են Վրաստանի Հանրային հեռուստաալիքի (որը ֆինանսավորվում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` շուրջ 180.000 հայերի վճարած հարկերից) գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և նույն հեռուստաալիքի հայալեզու բաժնի ղեկավար Ռամիլա Ալիևան:
Հաշվի առնելով, որ Վրաստանի իշխանությունները միշտ հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք դիրքերից` հաճախ փորձելով դառնալ միջնորդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում, նշված պաշտոնատար անձանց մասնակցությունը Շուշիում կայացած միջոցառմանը անհանգստության տեղիք է տալիս: Մենք նախկինում ևս հայտարարել էինք, որ Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժնի ղեկավարի պաշտոնում Ռ.Ալիևայի պաշտոնավարումը խոչընդոտելու է բաժնի օբյեկտիվ և անկողմնակալ գործունեությանը, սակայն հեռուստաալիքի ղեկավարության կողմից այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չձեռնարկվեց: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ Հանրային հեռուստաալիքը ընդհանրապես չի անրադարձել Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներին և 8 ամսվա ընթացքում ընդհանրապես չի լուսաբանել Արցախի շրջափակման թեման»,- ասված է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի հայտարարությունում։
Նշենք, որ հուլիսի 21-ին Արցախի օկուպացված Շուշի քաղաքում ալիևյան վարչակազմը կազմակերպել էր մեդիա ֆորում, որին մասնակցում էին 49 երկրների 150 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 34 երկրների պետական լրատվական գործակալություններ, 12 միջազգային կազմակերպություններ և մեդիա կառույցներ:
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հերթական անգամ սպառնալիքների չափաբաժին է հղել հայերին ՝ միաժամանակ հավաստիացնելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ցանկության մասին: Այնուհետև նա պարծեցել է Արցախի դեմ ագրեսիայի հարցում Թուրքիայի աջակցությամբ, հավելելով, որ Անկարայի հետ դաշնակցության մասին հռչակագիրը նոր հորիզոններ է բացում Բաքվի համար ։ Նա նաև հաստատել է Մոսկվայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման նախապատրաստման փաստը: