


Արմինֆո. «Որպես ցեղասպանագետ իմ աշխատանքներում ընդգծելու եմ ՄԱԿ֊ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին եւ Պարենի միջազգային ծրագրի ղեկավար Սինդի ՄքՔեյնին, Եվրամիության նախագահ Շարլ Միշելի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թայվո Կլաարի անունները ցեղասպանական գործողություններ խրախուսելու եւ աջակցելու համար», - գրել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Նրանք ՄԱԿ դատարանի, ՄԻԵԴ֊ի եւ այլ միջազգային ատյանների եւ կազմակերպությունների միանշանակ որոշումների եւ կոչերի պայմաններում Արխացում էթնիկ զտման, 120 000 մարդուն սովի եզրին կանգնեցնելու գործողություններն անտեսեցին, ոչ մի քայլ չձեռնարկեցին եւ դրանով նորմալացրեցին Ադրբեջանի կողմից սովի միջոցով Արցախի էթնիկ զտման քաղաքականությունը։
Հուսով եմ մի օր բոլորն անձնական պատասխանատվություն կկրեն միջազգային դատարանի կողմից։ Առնվազն պատմության մեջ նրանց անունները որպես ցեղասպանություններն աջակցողներ թողնելուն ես անձամբ կնպաստեմ», - ամփոփել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ կանգնած են սովամահության շեմին՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը էներգառեսուրսների հետևից գնալով մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և, ընդհանրապես, միջազգային իրավունքի մասին՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը։



