Արմինֆո. Թուրքիան չի հանդիսանում կողմ, որը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Այս մասին հուլիսի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան 2025 թվականին Արցախից ՌԽԶ-ի հեռանալու մասին Էրդողանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ հստակ ուրվագծված են ինչպես Արցախում ՌԽԶ-ի գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական 5-ամյա ժամկետով դրա հնարավոր երկարաձգման պարամետրերը:
"Ռուս խաղաղապահները շարունակում են կայունացնող կարևոր դեր կատարել Լեռնային Ղարաբաղում ։ Հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է։ Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ ՌԽԶ-ի գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես ինձ թվում է՝ նաեւ տարածաշրջանային պետությունների, այդ թվում ՝ Թուրքիայի շահերից", - ասել Է Զախարովան։ Միաժամանակ, նա մատնանշել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում թուրք գործընկերների հետ համակարգված փոխգործակցությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի Վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ ՌԽԶ-ը 2025 թվականին կլքի Արցախը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահն ուշադրության կենտրոնում է պահում այդ հարցը։