Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին, որի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:
Ծրագրի նպատակն է աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով նպաստել մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ապահովմանը: Նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև փափուկ հմտությունների ձեռքբերման դասընթացներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար` ընդլայնելով նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները: Դասընթացներից զատ՝ շահառուներին կտրամադրվեն մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան գործիքներ և պարագաներ:
HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշում է. «Աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի գիտելիքների և հմտությունների: Ներկայումս գոյություն ունեն համապատասխան հմտությունների ձեռքբերման կամ զարգացման բազմաթիվ դասընթացներ, որոնք, սակայն, կարող են հասանելի չլինել մարզերում բնակվող անձանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ Ֆինանսավորելով այս ծրագիրը` մենք նպատակ ունենք հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ձեռք բերել այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց աշխատանք գտնելուն: Վստահ եմ, որ համայնքների կյանքի բարելավմանն ուղղված այսպիսի ծրագրերով կարող ենք ոգեշնչել մարզերում բնակվող երիտասարդներին` իրենց մասնագիտական ներուժը օգտագործելու և կյանքի որակը փոխելու համար»:
Նախաձեռնության շնորհիվ կստեղծվեն պայմաններ մանկահասակ երեխաներ ունեցող 30 ընտանիքի բարեկեցության ապահովման համար` նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում` առողջապահության և կրթութան հասանելիություն, կացարանային և պարենային հարցերի կարգավորում:
«HSBC Հայաստանը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Մենք գիտակցում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու համար տնտեսական աճը նույնպես պետք է կայուն լինի: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեությամբ փորձում ենք խթանել կայունության ստեղծմանը այն ոլորտներում, որտեղ ունակ ենք բարեփոխումներ իրականացնել` նպաստելով կայուն տնտեսական աճի ապահովմանը»,- հավելեց Իրինա Սեյլանյանը: