Արմինֆո. Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ: Այդ մասին Վիեննայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով օգտագործած մեքենաները Հայաստանով Ռուսաստան վերաարտահանելու վերաբերյալ “Financial times”-ի հրապարակման առնչությամբ լրագրողի այն հարցին, թե արդյոք դա կարող է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում, և արդյոք Հայաստանն անհանգստացած չէ երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով։
«Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում», - հայտարարել է Միրզոյանը: