Արմինֆո. Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հուլիսի 18-ին ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հանձնաժողովի 2022թ. զեկույցը, որում աջակցություն է հայտնվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ ելնելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության շահերից: Այդ մասին հաղորդում է ԵՄ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
Զեկույցում հանձնաժողովը նաեւ ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացում մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
"Կոչ է արվում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են՝ երկու երկրների միջև օդային տարածքի և սահմանի բացումը", - հաղորդում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը:
Եվրախորհրդարանում ևս մեկ անգամ կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար:
Եվրոպացի օրենսդիրները նաև կոչ են արել Թուրքիային ամբողջությամբ կատարել երկրի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները: