Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք, իբրև թե, կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ», - ասվում է հաորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։ Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։ Հուլիսի 10֊ին` ժամը 9։30֊ից ժամը 10։45֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»: