Արմինֆո. Հայաստանում հարցվածների 35 %-ը Հայաստանի իշխանություններին մեղավոր է համարում արդեն ավելի քան 6 ամիս շարունակվող ադրբեջանական շրջափակման պատճառով Արցախում խորացող ճգնաժամի համար: Ընդ որում, 2023 թվականի հունվարին նման տեսակետ է ունեցել հարցվածների ընդամենը 29 տոկոսը։ Այդ մասին են վկայում MPG (Marketing Professional Group - GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում) խորհրդատվական ընկերության կողմից իրականացված " In Nikol.Veritas " հարցման արդյունքները:
Ուշագրավ է, որ եթե այս ճգնաժամի համար Հայաստանի իշխանություններին մեղավոր համարողների թիվն աճել է, ապա ռուսական իշխանություններին և Ադրբեջանին մեղադրողների թիվը նվազել է: Հարցվածների ընդաամենը 27.8% - ն է ստեղծված իրավիճակի համար մեղադրում Ադրբեջանին, հունվարին այդ ցուցանիշը կազմել է 42.5%: Հարցվածների եւս 25.2% - ը Ռուսաստանի իշխանություններին է մեղավոր համարել իրավիճակի համար, հունվարին այդպիսիք եղել են 30.2%:
Միևնույն ժամանակ, հարցվածների 36.5%- ը միանգամայն հավանական է համարում Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ առաջիկա ամիսներին, ևս 40.4% - ը՝ ավելի շուտ հավանական,10.9% - ը՝ ավելի շուտ՝ անհավանական, 6.5% - ը հնարավոր չի համարում հարձակումը, ևս 5.7% - ը դժվարացել է պատասխանել:
Ընդ որում, այն հարցին, թե ադրբեջանական ագրեսիայի դեպքում ումից պետք է սպասել Հայաստանի օգնությունը, հարցվածների 35.8% - ը համոզմունք է հայտնել, որ նման երկրներ չկան: Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին այդպես է կարծել հարցվածների ընդամենը 8.7 տոկոսը։
Հարցվածների 19.6% - ը ապավինում է Ֆրանսիային (34.2%՝ հունվարին), 19.5% - ը ՝ Ռուսաստանին (30%), 18.6% - ը ՝ Իրանին (40.1%), 11.5% - ը ՝ ԱՄՆ-ին (27.8%), 6.8% - ը՝ Հնդկաստանին (25.6%), 1.8% - ը ՝ Չինաստանին (5.1%): Այլ երկրներ նշել են 8.5% - ը (12.2%) ևս 4% - ը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցումն իրականացվել է Հայաստանի բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով ընթացիկ տարվա հունիսի 21- 24-ն ընկած ժամանակահատվածում: Ընտրանքի ծավալը կազմել է 1100, ընտրանքի սխալը՝ + / - 3%:
2011 թվականին MPG - ն դարձել է աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր և անկախ կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 2003 թվականից ի վեր MPG-ն, աշխատելով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում, իրականացրել է տարբեր մասշտաբի ավելի քան 800 նախագիծ: