
Հայկական կողմի համար անընդունելի է ԵԽԽՎ դիրքորոշումը, որը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ զեկուցող է նշանակել Բաքվի շահերը պաշտպանող մարդու: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Հայաստանի խորհրդարանում կայաց ել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերի հանդիպումը Հայաստանի խորհրդարանականների հետ: Հանդիպումն ընթացել է բավականին լարված մթնոլորտում` « Ադրբեջանի օկուպացված տարածքներում լարվածության սրման մասին» զեկույցի նախագծի առնչությամբ, որը նախաձեռնել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը:
Բրասերի հետ աշխատանքի պատկառելի փորձ ունեցող Զոհրաբյանի համար զարմանալի է եղել զեկույցի նախապատրաստման համար Ուոլթերի հետ աշխատելու ԵԽԽՎ ղեկավարի կոչը: Նրա կարծիքով, ստեղծվում է տպավորություն, որ Եվրախորհրդի խորհրդարանական պատվիրակությունը վերանայում է իր արժեհամակարգը:
«Մենք տիկին Բրասերին հասկացրեցինք, որ ադրբեջանամետ լոբբիստ Ուոլթերի հետ չենք աշխատելու այդ սադրիչ զեկույցի շուրջ: Մենք նաև Բրասերի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքին, որ բրիտանացին, ով ոչ մի անգամ չի այցելել Լեռնային Ղարաբաղ, մտադիր է զեկույց նախապատրաստել կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ: Այն հարցին, թե ինչպես բացատրել այդ պարադոսքը, Բրասերը, փաստորեն, պատասխան չուներ: Ի դեպ, սա ոչ առաջին, մեղմ ասած, զվարճալի դեպքն է: Ավելի վաղ ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի խնդրի վերաբերյալ զեկուցող էր նշանակել խորհրդարանականի, ով, նույնիսկ, չգիտեր, որ ջրամբարը գտնվում է ոչ թե Հայաստանում, այլ` Լեռնային Ղարաբաղում», - նշել է Զոհրաբյանը:
Նրա ասելով, Բրասերը Հայաստան էր ժամանել Թուրքիայից, և եվրոպացի դիվանագետի մտածելակերպի վրա թուրքական քարոզչության ազդեցությունն ակնհայտ էր: Հայ պատգամավորների համար անակնկալ էր Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրման համար հայկական արխիվները բացելու անհրաժեշտության վերաբերյալ Բրասերի հայտարարությունը: «Մեզ համար տարօրինակ էր նման կոչեր լսել մի գործչից, ով միշտ աչքի է ընկել հայացքների և դատողությունների օբյեկտիվությամբ», - ասել է Զոհրաբյանը: