Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այդ մասին հուլիսի 6-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով հունիսի վերջին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյունքներին գնահատական տալու խնդրանքին՝ Զախարովան նշել է, որ Մոսկվայում ողջունում են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ բոլոր դրական քայլերը: <Ռուսական կողմը շարունակելու է կողմերի մոտեցումների մերձեցմանն ուղղված ջանքերը։ Առաջիկա ծրագրերում է, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի այցը տարածաշրջան: Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ", - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։