


Արմինֆո. Հայաստանի տարածքից առևանգված երկու զինծառայողների մասին տեղեկությունները, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փոխանցել է միջազգային կառույցներին: Այդ մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա ընդգծել է, որ գերիների հարազատների հետ խոսակցություններ են եղել, քաղաքացիներից ստացված տվյալներից ելնելով, իրավիճակի մասին պատկերացում է կազմվել, և իրավական հիմնավորումներով այդ տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային կառույցներին: Բացի այդ, Մանասյանը տեղեկացրել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ևս առիթը բաց չի թողնում այդ հարցը բարձրացնելու համար:
"Չէ որ խոսքը գերիների մասին է, համապատասխանաբար, և նրանց վրա պետք է տարածվեն միջազգային երաշխիքները", - ասել է նա, ընդգծելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ժամը 19:00-ից կապը կորել էր մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների (Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան) հետ: Մայիսի 26-ին ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների կողմից շահագործվող, մարտական դիրքերի համար նախատեսված սննդով և ջրով բեռնված թիկունքային ապահովման ավտոմեքենան հայտնաբերվել էր միջդիրքային ճանապարհին: Արդեն մայիսի 27-ին Ադրբեջանում հասցրել էին նախօրեին կորած հայ զինծառայողներին մեղադրել ահաբեկչության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրականացված մաքսանենգության, ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու, զենքի ապօրինի տեղափոխման և պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Մայիսի 28-ին մարտական դիրքեր սնունդ տեղափոխող երկու հայ զինծառայողների առևանգման կապակցությամբ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով:


