Արմինֆո. Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին հուլիսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոնոցիանոլ առումով՝ խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով», - ընդգծել է Փաշինյանը: