


Սուրբ Պետրոսի տաճարում պատարագով և իր հայտարարություններով Հռոմի Ֆրանցիսկոս պապը գլխավորեց միջազգային հանրության այն մասը, որն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության դատապարտման ենթարկումը աշխարհաքաղաքական շահերին: Ապրիլի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Այդ համատեքստում նա նշել է, որ, չնայած պատարագը տապալելու թուրքական կողմի ջանքերին, այն կայացավ և դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճում: Ֆարմանյանը նշել է, որ Վատիկանը լուրջ ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա, և Պապի հայտարարությունները կարևոր նշանակություն կունենան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ինտենսիֆիկացման համար:
Ֆարմանյանը նաև նշել է, որ Անկարայի հիստերիան հայկական կողմի համար սպասելի էր: Ընդ որում նա հույս է հայտնել, որ Վատիկանի պատարագից և Ֆրանցիսկոսի հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանություններն ազգայնական խմբավորումների կողմից կաթոլիկ համայնքի նկատմամբ արմատական գործողություններ թույլ չեն տա: «Թուրքիայում գործում է 10 կաթոլիկ եկեղեցի և 3 դպրոց, հուսով եմ, որ Անկարան աչք չի փակի կաթոլիկների նկատմամբ ազգայնականների հնարավոր գործողությունների վրա, որոնց թվում կան նաև հայեր», - հայտարարել է հանրապետականը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և ամենասարսափելի ողբերգությունը` նացիզմից և ստալինիզմից զատ: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են ԱԳՆ` բացատրության համար, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանին հետ են կանչել խորհրդատվության համար:



