Արևմուտքի նշանառության տակ հայտնված Թուրքիային և հետին պլանում գտնվող Ռուսաստանին կապում են ընդհանուր շահերը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, մեկնաբանելով Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը: Ապրիլի 13-ին Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչն իր անունը չհրապարակելու պայմանով ռուսական լրատվական գործակալությանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ավանդ ներմուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, մինչդեռ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունները Թուրքիային ավելի են հեռացնում Հայաստանից:
«Այս լույսի ներքո այդ տեղեկատվության հայտնվելը միանգամայն տրամաբանական է թվում` ներդաշնակորեն ներգրվելով ընդհանուր ֆոնին: Այն բանից հետո, երբ արևմտյան աշխարհը գործուն կերպով իր քաղաքականության զինանոցում ներառել է Հայկական հարցը, Մոսկվան և Անկարան ստիպված են մտածել նման քաղաքականության հետևանքների մասին, ընդ որում` մտածել միասին», - նշել է նա:
Վերլուծաբանն այդ գործընթացները համարում է լուրջ, հաշվի առնելով Հայաստանի որոշակի անինքնուրույնությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպատակաուղղված քաղաքականությունում: Նրա գնահատմամբ, Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շուրջ վերջին իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների և, առաջին հերթին, բուն Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի ընդհանուր մոտեցման հայտանիշ են:
Այս լույսի ներքո Անկարան, Սարգսյանի կարծիքով, փորձում է իրավիճակը շտկել Մոսկվայի օգնությամբ: Եվ տեղեկատվական «արտահոսքն» այդ գործընթացի բնավ ոչ ամենակարևոր դրսևորումն է:
«Չէ որ պատահական չէ, որ այսօր այդքան աշխուժորեն արծարծվում է այն հարցը, թե արդյոք Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստան կժամանի: Չէ որ նա, պատահական չէ, որ հանկարծ, պարզապես, չի կարողանում կողմնորոշվել այդ, առաջին հայացքից, տրամաբանական հարցում: Այդ հարցն առնչվում է նաև Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր լուրջ խնդիրներին, որոնք նրանք փորձում են լուծել միասին», - ամփոփել է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և ամենասարսափելի ողբերգությունը` նացիզմից և ստալինիզմից զատ: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են ԱԳՆ` բացատրության համար, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանին հետ են կանչել խորհրդատվության համար: