Արմինֆո. Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։