Արմինֆո. Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ինքը՝ Սալիվանը։
«Հաճելի էր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես կոչ եմ արել Հայաստանին և Ադրբեջանին առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից, նվազեցնել լարվածությունը՝ վստահության ամրապնդման նպատակով", - գրել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։
Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աջակցությամբ: Բանակցություններին նախորդել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ձեռնարկված սադրանքը, որի հետևանքով զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի չորս զինծառայող: