


Հայոց ցեղասպանությունն անմոռանալի եւ անժխտելի պատմական փաստ է, որը խոր արմատներ է թողել ինչպես արդի պատմության, այնպես էլ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ, ուստի այն պատմությունից եւ մեր ընդհանուր հիշողությունից ջնջելու յուրանքանչյուր փորձ դատապարտված է: Այդ մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ 1915 թվականին մեկուկես միլիոն հայեր դարձան Օսմանյան կայսրության կողմից մանրակրկիտ ծրագրված եւ համակարգված կոտորածի զոհ: Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովուրդը կորցրեց ոչ միայն մեկուկես միլիոն մարդու, այլեւ իր պատմամշակութային ժառանգությունը: Նա նաև երախտագիտություն է հայտնել Կաթոլիկ եկեղեցուն` Ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո հայերին ցուցաբերած օժանդակության համար: Արամ Ա-ն հիշեցրել է Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի նամակի մասին, ով դիմել էր Օսմանյան իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հայերի կոտորածը:
Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում պատարագ է մատուցել ինքը` Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Պատարագին ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները: Սուրբ պատարագի ընթացքում Վատիկանը Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս է շնորհել միջնադարյան հայ աստվածաբան-փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո, որում նա 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որակել է «ցեղասպանություն», Անկարան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից



