Արմինֆո. Գլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին (նախկին վարչապետ- խմբ.) օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Այդ մասին հաղորդում է "Հետք" պարբերականը։
Նշվում է, որ խոշորացումից հետո վերոնշյալ գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ այդ իսկ պատճառով պահանջը ներկայացվել է Արտաշատի համայնքապետի դեմ:
Հրապարակման համաձայն, Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուր 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս էլ օտարել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին:
Ինչպես «Հետքին» փոխանցում են Գլխավոր դատախազությունից՝ համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:
Բացի այդ, 2001թ. հոկտեմբերի 30-ին էլ նույն մարզի Նարեկի համայնքապետը 120 հա հողամաս օտարել է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Այդ հողամասը ներառում է արոտավայրեր, որոնք որպես ոչ օտարման ենթակա հողամասեր ընդգրկված են Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և ենթակա չեն օտարման: Սակայն տարիների ընթացքում այդ հողամասերը դարձել են այգի: Տարածքում նույնիսկ փոքր ջրամբար է կառուցվել, որպեսզի այգիները պատշաճ ոռոգվեն:
Հիշեցնենք, որ ծնունդով Արարատի մարզի Մխչյան գյուղից ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը 2014թ. ապրիլին նշանակվել էր ՀՀ վարչապետ (մինչ այդ եղել է ԱԺ պատգամավոր, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ), 2016թ. սեպտեմբերի 8-ին հրաժարական է տվել ՝ իր որոշումը պատճառաբանելով նախագահ Սերժ Սարգսյանին նոր կառավարություն ձևավորելու և հասարակությանը համախմբելու հնարավորություն տալու ցանկությամբ:
Դեռևս 2014 թվականին "Հետք" -ը նշում էր, որ Հայաստանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավոր ազգականներին պատկանող ընկերությունների թիվը գերազանցում է հինգ տասնյակը։