


Արմինֆո. Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Ինչպես հաղորդել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայկական կողմն ունի 4 զոհ:
Ավելի ուշ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել լրացուցիչ հաղորդագրությամբ, որում ասվում է. «Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են. Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե, իբր, պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես, հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: «ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», - ասվում է հաղորդագրությունում:



