
Գործարար Լևոն Հայրապետյանի գործը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացնելու մեջ, առանձնացվել է որպես առանձին վարույթ` պայմանավորված հետաքննության արագ ավարտով: Այս մասին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանում ապրիլի 13-ին հայտարարել է դատախազության ներկայացուցիչը, որը քննարկել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը:
«Հայրապետյանի գործն առանձնացվել է որպես առանձին վարույթ` պայմանավորված հետաքննության արագ ավարտով»,-ասել է դատախազը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը Հայրապետյանի տնային կալանքը երկարացրել է մինչև հուլիսի 15-ը:
Իր որոշմամբ դատարանը բավարարեց հետաքննության միջնորդությունը, որոշելով, որ Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելը կապահովի ապացույցների անարգել հավաքումը, վկաների հարցաքննությունը, ինչպես նաև կասկածյալին թույլ չի տա անհետանալ:
Գործարարի պաշտպանն իր հերթին հայտարարել է Հայրապետյանի նկատմամբ մեղադրանքների մեղմացման մասին` պայմանավորված գործի` առանձին վարույթ ընդունվելու և հետաքննության փաստարկների ապացուցված չլինելու հանգամանքով: Փաստաբանի խոսքով` Հայրապետյանը մեղադրվում է յուրացման մեջ այն դեպքում, երբ նախկինում բացի դրանից` նրան մեղսագրվում էր նաև «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»:
Գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի (վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար) ցուցմունքները։ Հայրապետյանին առաջադրվել էր մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ և 174-րդ հոդվածներով («ուրիշի ունեցվածքի յուրացում կամ վատնում» և «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»): Ըստ քննչական մարմնի` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում է այս գործով, Հայրապետյանի հետ միասին մշակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման հանցավոր ծրագիր: Գործի ևս մեկ մասնակից` «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացումը, ենթադրում է քննչական մարմինը: