
Աշխարհի առաջատար ԶԼՄ-ներն արձագանքել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:
Գերմանական Deutsche Welle պարբերականը գրում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որակեց ցեղասպանություն` դրանով իսկ հղում կատարելով 2000 թվականին հայոց պատրիարքին հղված Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի ուղերձին:
Tagesschau-ն իր հերթին գրել է, որ ցեղասպանություն որակելով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` Հռոմի պապը հստակ դիրքորոշում արտահայտեց պայթյունավտանգ քաղաքական հարցի նկատմամբ:
Reuters-ը գրում է, որ Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն աղմկահարույց է:
AFP գործակալությունը նշում է, որ այդ քայլը կտրուկ կբարդացնի Թուրքիայի հետ Վատիկանի հարաբերությունները:
Ֆրանսիական Le Monde-ն անդրադառնալով Հռոմի պապի ելույթին, իր հերթին, գրում է. «Թուրքիան ձեռք էր մեկնել Հայաստանին, սակայն առայժմ` բավականին թույլ: Պատարագն արդեն հարուցել է Թուրքիայի իսլամապահպանողական կառավարության գործուն հակազդեցությունը»:
Figaro-ն, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, գրել է, որ Պապի ելույթից հետո Թուրքիայի ԱԳՆ են կանչել Պապի դեսպանորդին` բացատրության համար:
Անմասն չեն մնացել նաև իտալական ԶԼՄ-ները: Այսպես, Repubblica-ն գրել է. «Մարդկությունը, կարծես, չի կարողանում դադարել անմեղ արյուն հեղել»:
Մինչդեռ The Times of Israel-ը նշել է, թե Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, պայթյունավտանգ է և կզայրացնի Թուրքիային: Պարբերականը նաև նշել է, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղյալ է հայտարարել ապրիլի 12-ին նախատեսված մամուլի ասուլիսը:
«Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսը Առաջինը հասկացրեց, որ «ցեղասպանություն» բառից խուսափող համաշխարհային առաջնորդները վախկոտներ են: Հռոմի պապը, ով չամաչեց ասել ճշմարտությունը, կիրակի օրը դիվանագիտական սկանդալ հարուցեց: Համաշխարհային քաղաքական գործիչները, այդ թվում` Ջորջ Բուշը և Բարաք Օբաման, խուսափում են արտաբերել «ցեղասպանություն» բառը, փորձելով զերծ մնալ քաղաքական առճակատումներից: Ֆրանցիսկոս պապը նման մտավախություն չուներ», - գրել է Truth Revolt-ը:
Ամերիկյան CNN-ը նշել է, որ Հռոմի պապը կարող է հարուցել Թուրքիօայի ցասումը:
Fox News հեռուստաալիքը նշել է, որ Անկարայի հետ հարաբերությունների սրման գնալու Պապի պատրաստակամությունը վերստին ապացուցեց, որ սկզբունքնային կարևորություն ներկայացնող հարցերում Պապը զերծ է մնում մտավախություններից և դիվանագիտական ռիսկերից: «Ճիշտ նույն կերպ նա ռիսկի դիմեց, երբ Իսրայելի և Պաղեստինի նախագահներին Վատիկանում համատեղ պատարագի կոչ արեց` Գազայի հատվածում մարտերի հերթական բռնկումից առաջ», - նշել է հեռուստաալիքը:
NBC-ը հիշեցրել է ծնունդով արգենտինացի Ֆրանցիսկոսի` հայ համայնքի հետ սերտ կապերի մասին, ընդգծելով, որ Պապը հաստատել է իր նախկին հայտարարությունները:
«Մինչև Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները որակել էր ցեղասպանություն, սակայն հետո հարցին մոտենում էր ավելի դինվանագիտական դիրքերից: Այդուհանդերձ, կիրակնօրյա պատարագի ժամանակ նրա հայտարարությունն ավելի ընդգծված էր, քան 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդի հայտարարությունը: Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը որակեց 20-րդ դարի երեք ամենասարսափելի ողբերգություններից մեկը», - գրել է Wall Street Journal-ը:
Ռուսական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել եմ Հռոմի պապի ելույթին և Թուրքիայի արձագանքին: ՏԱՍՍ-ը գրել է, որ Թուրքիան դժգոհություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարության առնչությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչել է Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, թե «Պապի համար հարիր չէ ողբերգության միակողմանի գնահատումը: Կրոնական առաջնորդները պետք է միջավայր ստեղծեն խաղաղության և մարդկանց միասնության համար, այլ ոչ թե ատելություն և առճակատում հրահրեն »: Lenta.ru-ն նույնպես գրել է, որ Հռոմի պապի ելույթը զայրացրել է Թուրքիային:
Ադրբեջանական, լիտվական, մոլդովական, արաբական ԶԼՄ-ները նույնպես անդնարադձել են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը: