
Հարավկովկասյան երկաթուղին /ՀԿԵ/ Հայաստանի և հարևան Վրաստանի զբոսաշրջային շուկա է դուրս գալիս տուրիստական նորարական ապրանքներով`երկաթուղային տուրերով: Այսօր Երևանի Էքսպոկենտրոնում բացված ՙIn Tour Expo 2015՚ երկրորդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի ժամանակ ՀԿԵ-ն ներկայացրել է բարձր հարմարավետության երկաթուղային վագոնի ոճավորմամբ իր տաղավարը, որն էլ նոր ծառայության ՙմեխն է՚:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԿԵ միջազգային կապերի և վարչական մարմինների հետ փոխգործակցության բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն, երկաթուղային տուրերը ՙոչ նոր, բայց լավ մոռացված հինն է՚: Նրա խոսքով, երկաթուղային տուրիզմի զարգացումը տարածաշրջանում երկու հիմնական նպատակ է հետապնդում` ընկերության գործառնական գործունեության արդյունավետության բարձրացում, ուղևորափոխադրումների ծավալների մեծացման միջոցով լրացուցիչ եկամուտների ստացում և դրան զուգահեռ` երկու երկրների բնակչության, ինչպես նաև ռուսաստանցի և օտարերկրյա հավանական զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի և Վրաստանի պատմամշակութային տեսարժան վայրերի քարոզչություն, տարածաշրջանի նյութական և հոգևոր հարուստ մշակույթին նրանց ծանոթոցում:
Բոյկոն հայտնել է, որ զբոսաշրջային ծառայությունների շուկայի դատին ներկայացնելով այդ յուրօրինակ նորարարությունը` ՀԿԵ-ն առաջնորդվել է այն հանգամանքով, որ լիովին կարող է բավականին բարձր մակարդակի ծառայություններ մատուցել ուղևորներին: ՙՄեր շարժակազմի և ծառայության որակը համապատասխան սերտիֆիկատով բարձր գնահատականի է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի շրջանակներում՚,- ընդգծել է մասնագետը:
Այսօր զբոսաշրջության հարավկովկասյան տարածաշրջանային ուղղությունը, հատկապես`ռուսական, լայն ճանաչում է գտնում, և ՀԿԵ-ն չի ցանկանում դուրս մնալ այդ գործընթացներից, ու ռուսական տուրիստական հոսքի ներգրավման հարցերում մտադիր է սերտորեն աշխատել ՌԵՈւ-Տուր տուրիստական ընկերության հետ:
ՀԿԵ տուրփաթեթի հիմքում մեկօրյա և եռօրյա տուրեր են Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ`հյուրանոցային լրիվ պանսիոնով և երկու երկրների ամենահայտնի տեսարժան վայրեր այցելությամբ: Ուղևորության մեկ օրվա արժեքը կազմումը միջինը 65-70 ԱՄՆ դոլար:
Այսօր բացված In Tour Expo 2015 զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կտևի մինչև ապրիլի 12-ը, մասնակցում են Ռուսաստանի, Իսրայելի, Բուլղարիայի, Իրանի, Իսպանիայի, Վրաստանի, Եգիպտոսի տուրիստական ընկերությունների և տուրօպերատորների ներկայացուցիչները: Ներկայացված են նաև Լեռնային Ղարաբաղի տուրօպերատորները, որտեղ զբոսաշրջային բիզնեսը զգալի թափ է առնում: Վերջին 2-3 տարում, պաշտոնական վիճակագրության համաձայն, դեպի Հայաստան տուրիստական հոսքը մեծանում է 15-20%-ով:
ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ 100% դուստր ընկերություն է: ՙՀայկական երկաթուղի՚ ՓԲԸ ՙՀԿԵ՚ ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված պայմանագրով: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` ևս 10 տարի երկարաձգման իրավունքով: