Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, Հովագիմյանի և Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներն առևանգվել էին մայիսի 26-ի երեկոյան Հայաստանի տարածքից՝ Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում: Նրանք պարենամթերք էին փոխադրում մարտական դիրքեր։