


Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Լաչինի միջանցքի պարեկություն կիրականացնի։ Այդ մասին է վկայում EUMA-ի թվիթերյան գրառումը։
"Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը ողջունում է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին և Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE - ի պատվիրակությանը՝ Սիսիանի օդանավակայանում, որպեսզի միանան EUMA-ին՝ Լաչինի միջանցքի նախատեսված պարեկության համար", - ասվում է EUMA-ի հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ Լաչիսնի միջանցքը՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։
EUMA-ի կողմից Լաչինի միջանցքի պարեկության մասին հաղորդագրությունը մտորումների տեղիք է տալիս կամ վկայում է ինչ-որ թաքնված պայմանավորվածությունների մասին, քանի որ ավելի վաղ բազմիցս ընդգծվել էր, որ EUMA-ն այդ տարածք այցելելու մանդատ չունի։
Հավելենք նաև, որ միջանցքն Ադրբեջանի կողմից մասամբ արգելափակվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ՝ մտացածին բնապահպանական պատրվակով ։ Միջազգային հանրության անգործության ֆոնին Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այնտեղ տեղադրել է իր անցակետը։ Իսկ արդեն հունիսի 15-ից միջանցքը, ինչպես և բուն Արցախի Հանրապետությունը, հայտնվել է տոտալ շրջափակման մեջ։ Արցախի բնակչությունը զրկված է մարդու հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից։


