


20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունն անդրադարձել է, գործանականում, յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա, ուստի այդ վայրագությունների մասին հիշողությունը հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության անբաժան մասն է կազմում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Միռ» հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում:
Նրա ասելով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ Հայաստանը կանցկացնի մասշտաբային միջոցառումներ, սակայն դրանք ուղղված չեն լինի Թուրքիայի դեմ: «Մենք մտադիր չենք հակաթուրքական հիստերիա ծավալել: Առավել ևս, որ ես շատ եմ հարգում թուրք ժողովրդին: Սակայն մենք այսուհետև էլ ջանք կգործադրենք Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ հայերի դեռ մի քանի սերունդ կպայքարի դրա համար: Համենայն դեպս, մենք մտադիր չենք հրաժարվել այդ գաղափարից», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առավելապես միտված կլինեն մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելմանը: «Մենք ցանկանում ենք Հայաստանը վերածել ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակի, քանի որ դրանց ճանաչված չլինելը և անպատժելիությունը հանգեցնում են կրկնման: Հոլոքոստը, առավելապես, Հայոց ցեղասպանության չճանաչման և անպատժելիության արդյունք էր: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր արևելքում, միթե՟ դրանք ցեղասպանության տարրեր չեն. մարդկանց մի խումբ ոչնչացնում է մյուսին` միայն դավանանքի և նրանց ազգային նույնականության տարբերության պատճառով: Ավելին, այդ խումբը ոչնչացնում է ուրիշի պատմական ժառանգությունը: Միջազգային հանրությունը չպետք է աչք փակի դրա վրա: Մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում մասնակցենք այդ չարիքի կանխմանը», - ամփոփել է Հայաստանի նախագահը;



