
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային պահերից էին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել էր 1997թ. նոյեմբերի 1-ին '"Պատերազմ, թե՞ խաղաղություն. Ժամանակն է սթափվել" վերնագրով: Այդ մասին հունիսի 20-ին ԱԺ 2020 թվականի արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով, Հայաստանի առաջին նախագահն իր հոդվածում այդպես էլ հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե ինչպես էր նա տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր փոխզիջումների մասին, որոնց համաձայն, ստատուս քվոն երկար պահպանել հնարավոր չէ, և այդ պատճառով չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում հայ ժողովուրդը դաշնակիցներ չունի։ <Առաջին նախագահի հիմնական միտքն այն էր, որ հաջորդ հազարամյակներում Ղարաբաղը մնա հայաբնակ, բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հստակ ձևակերպում չի տվել>, - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետի ասելով, այդ հոդվածը կտրուկ բացասական արձագանք էր առաջացրել
երկրի քաղաքական վերնախավի շրջանում։ Այդ հոդվածից մեկ տարի առաջ ՀՀ առաջին նախագահը նախագահական ընտրություններին մասնակցել էր "Հաղթանակ, կայունություն, առաջընթաց" կարգախոսով, բայց այդ ընտրություններից մեկ տարի անց, որոնք կասկածի տակ էին իրենց լեգիտիմության տեսանկյունից, սկսեց խոսել խաղաղության, այլ ոչ թե հաղթանակի մասին: Մինչդեռ, այս հոդվածից 7 տարի առաջ Հայաստանի Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ վերամիավորման մասին որոշում էր կայացրել: Մասնավորապես, Փաշինյանը հիշեցրել է 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի ընդունած վերամիավորման, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակման և 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման վերաբերյալ որոշումների մասին: Փաշինյանը մեջբերում է արել Տեր-Պետրոսյանի հոդվածից, որտեղ առաջին նախագահը նշում է, որ իր համար անձնական տեսանկյունից լավագույն որոշումը կլիներ չմասնակցել 1996թ. նախագահական ընտրություններին և սերունդների հիշողության մեջ մնալ պատերազմում հաղթող, սակայն ինքը նման դիրքորոշումը համարել է "ճղճիմ դասալքություն" ։ Արդյունքում՝ հոդվածի հրապարակումից երեք ամիս և երեք օր անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։
Ինչպես նշել է վարչապետը, Տեր-Պետրոսյանի հոդվածը դարձավ ղարաբաղյան գործընթացում խառնաշփոթ մտցրած հերթական հանգույցը։ Բուն բանակցային գործընթացում ոչ մի գաղտնիք չի եղել, ամեն ինչ հրապարակվել է, բայց համապատասխան փաստաթղթերը հասանելի չեն եղել լայն հանրությանը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ղեկավարները հրապարակավ չեն հայտարարել այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թվականին և արձանագրել են "հայկական ուժերի կողմից Ադրբեջանի 7 շրջանների գրավումը", պահանջել են անհապաղ և առանց նախապայմանների զորքերը դուրս բերել այնտեղից։ Դրանցում անընդունելի էր համարվում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, իսկ Լեռնային Ղարաբաղը անվանվում էր"Ադրբեջանի Հանրապետության տարածաշրջան"։ Այդ փաստաթղթերը, Փաշինյանի ասելով, պարզապես, "թուղթ" չէին, եւ դրանք մոռացության մատնելը հեշտ չէր լինի։ Այդ առնչությամբ նա նշել է, որ թեեւ 1996 թվականի Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը իրավական ուժ չուներ, սակայն միջազգային հանրության դիրքորոշումը ցույց էր տալիս, որ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում է բարձր ինքնավարության կարգավիճակ դրա սահմաններում: