Արմինֆո. Շառլ Ազնավուրի քանդակի հեղինակը, որը նախատեսվում է տեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում 2024 թվականին, քանդակագործ Դավիթ Երևանցին է: "Ազնավուր" հիմնադրամն այդ մասին հաղորդել է դեռևս ս.թ. մայիսի վերջին: Աղբյուրի համաձայն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հուշարձանը նախատեսվում է տեղադրել աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ: Երևանի ավագանին դեռ մարտին որոշում էր կայացրել այն տեղադրելու մասին։
Այս ֆոնին փոքր-ինչ տարօրինակ է թվում, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ բաց մրցույթ էր հայտարարել Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման համար: Ինչպես ասվում է փաստաթղթում, քանդակագործների հայտերն ու մակետները մրցութային հանձնաժողովը կընդունի մինչև ս. թ. հուլիսի 25-ը, հուլիսի 28-ին կհայտարարեն հաղթողի անունը, աշխատանքները կմեկնարկեն 2023թ. օգոստոսի 1-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 30-ը: Ազնավուրի արձանի տեղադրումը նախատեսված է 2024թ. հոկտեմբերի 4-ին: Աղբյուրում նշված է, որ քանդակագործը, ում մանրակերտը լավագույնն է ճանաչվելու, կստանա 3 մլն դրամ դրամական պարգև:
ԱրմԻնֆո-ի խմբագրությանտ ծանոթ քանդակագործը, մրցույթին հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան, միայն քմծիծաղ է տվել Երևանի քաղաքապետարանի "մրցութային խորամանկությունների" վրա:
Ավելի վաղ հուշարձանը նախատեսվում էր տեղադրել Ազնավուրի հրապարակում ("Մոսկվա" կինոթատրոնի հարակից տարածք), սակայն քաղաքային իշխանությունները որոշել են, որ իր չափսերի պատճառով քանդակը չի տեղավորվի հրապարակի տարածքում: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում՝ ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի արձանի (Օգյուստ Ռոդենի հեղինակային պատճենը) փոխարեն, որը տեղադրվել էր 2011 թվականին՝ որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրված նվեր: Ռոդենի քանդակը կմնա Ֆրանսիայի հրապարակում, սակայն կտեղափոխվի դրա կենտրոնական մասից: