


Արմինֆո.Հայաստանը ողջունում է միջազգային գործընկերների շահագրգռվածությունը հանրապետության Սյունիքի մարզում։ Այդ մասին հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Երևանը ողջունում է մարզում իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացելու ռուսական կողմի մտադրությունը՝ տեղում իրավիճակը գնահատելու նպատակով: Հիշեցնելով Սյունիքում հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրության մասին՝ փոխնախարարը նշել է, որ տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունը, իր քաղաքացիներին սպասարկելուց զատ, ունի նաև այլ գործառույթներ:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ փոխնախարարն ափսոսանքվ փաստել է, որ համաձայնություն չկա սկզբունքային հարցերի շուրջ, որոնք առնչվում են քարտեզների ամրագրմանը, որոնցով կարող է իրականացվել սահմանազատում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխավորների ինստիտուտի ներդրմանը, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը, և կողմերի մոտեցումներն առայժմ հեռու են միմյանցից: "Բանակցությունները շարունակվում են", - նշել է փոխնախարարը։


