Արմինֆո. Ֆրանսիան ափսոսանք է հայտնում վերջին 48 ժամվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում՝ Երասխում, քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների կապակցությամբ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական էջում զետեղված հայտարարությունում։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զսպվածության, ապաէսկալացման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է անում: Փարիզը նաեւ վերահաստատում է իր աջակցությունը Լաչինի միջանցքի գոտում երթեւեկությունը վերականգնելու մասին Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման ամբողջական կատարմանը: «Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության: Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հունիսի 1-ին Քիշնևում ՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում նշվել է քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջ շարժվելու ցանկությունը, որոնք պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան ապրիլին այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի օգնի երկու երկրներին առաջ շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ", - ասվում է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։