


Արմինֆո.Ադրբեջանի գործողությունների պատճառով Արցախից Հայաստան ծանր հիվանդների տեղափոխումն անհնար է դարձել: Այդ մասին հունիսի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը գրեթե մշտապես բախվում է նման խնդրի։ Ներկայում Հայաստանի բժիշկներն էլեկտրոնային հաղորդակցության միջոցով փորձում են խորհուրդներով ու հուշումներով օգնություն ցուցաբերել արցախցի գործընկերներին, սակայն դա, ինչպես նկատել է Ավանեսյանը, հարցի լուծում չէ: "Դատապարտելով Ադրբեջանի կողմից նմանօրինակ դրսևորումները՝ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այդ գործողությունները հակասում են բոլոր մարդասիրական սկզբունքներին", - նշել է նախարարը, հավելելով, որ այսօրվա դրությամբ դեռևս պարզ չէ, թե արդյոք կստեղծվի հիվանդներին Հայաստան տեղափոխելու հնարավորություն:



