Արմինֆո.Կոնգրեսի անդամները լույս կսփռեն Արցախի բնիկ քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա՝ Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որոնք նշանակված են հունիսի 21-ին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։
Հաղորդագրության համաձայն, Կապիտոլիումի բլրին լսումը կազմակերպել են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը և Ջեյմս Մաքհովերնը: "Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը" խորագրով լսումների ժամանակ կներկայացվեն ամերիկյան կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքի, Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի եւ Կոլումբիայի համալսարանի, Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղաշինության եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեւիդ Ֆիլիպսի ցուցմունքները:
Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակիցների, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: ANCA-ն Կոլումբիայի շրջանում բնակվող ամերիկահայերին կոչ է անում ներկա գտնվել լսումներին:
TLHRC-ի համանախագահներ Սմիթի և Մաքհովերնի հրապարակած հայտարարությունում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը (Արցախը) արտաքին աշխարհին կապող Լաչինի (Բերձորի) միջանցքի շրջափակման հետևանքով լարվածության սրման և միջանցքում ադրբեջանական անօրինական ռազմական անցակետի տեղադրման կապակցությամբ: "Այս լսումների ընթացքում կքննարկվեն այն միջոցները, որոնք անհրաժեշտ են շրջափակման և բանակցությունների այս ժամանակահատվածում խոցելի էթնիկ բնակչության պատշաճ պաշտպանության համար, և կառաջարկվեն հանձնարարականներ ԱՄՆ քաղաքականության համար", - բացատրում են լսումների կազմակերպիչները:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է նախագահ Սմիթի ղեկավար դերը՝ Կոնգրեսի ուշադրությունը Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումները դադարեցնելու համար Ամերիկայի պատասխանատվության վրա սևեռելու գործում: Նա հավելել է, որ ցանկացած գործարք, որը ժողովրդավարական Արցախը մղում է ավտորիտար Ադրբեջանի գիրկը, մահվան դատավճիռ է ավելի քան 120 հազար հայերի համար: