Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մեկնաբանել են լուրերն այն մասին, թե, իբր, Վաշինգտոնը ճնշում է գործադրում Արցախի նկատմամբ՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու համար:
Նշենք, որ այսօր ռուսական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրին, հաղորդել են, թե, իբր, ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին պարտադրում է Ադրբեջանի հետ հանդիպում: "Վաշինգտոնը վերջնագրի ձեւով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ "երրորդ երկրում"՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրումն է: Ավելին, եթե ղարաբաղյան ղեկավարությունը հրաժարվի այդպիսի շփումից, ապա նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության իրականացմամբ", - հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրին:
Ի պատասխան այդ տեղեկությունը մեկնաբանելու Արմինֆո-ի խնդրանքին՝ ԱՄՆ դեսպանատանը, մասնավորապես, ասել են. «Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»: