


Արմինֆո. Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
«Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ` հունիսի 14-ին Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ», - ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հաղորդել էր Լաչինի միջանցքի ուղղությամբ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու թշնամական կողմի փորձը կանխելու մասին:



