Արմինֆո. Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական ժառանգությունն Արցախի օկուպացված տարածքներում։
Ինչպես հաղորդում է "Caucasus Heritage Watch"-ը, ադրբեջանական կողմը ոչնչացրել է Իշխանագետը հատող 1835 թվականի Հալիվորի կամուրջը՝ Մեծ թաղերից 2 կմ հարավ-արևմուտք: "Անցյալ ամառվանից մենք անհանգստանում էինք այդ կամրջի համար։ Այն հստակ երևում էր 2021 թվականի հոկտեմբեր ամսվա արբանյակային նկարում: Բայց 2022 թվականի հուլիսին կամուրջն այլևս տեսանելի չէր։ "Caucasus Heritage Watch" - ի մոնիտորինգի թիվ 4 զեկույցում կամուրջը նախապես նշվել է որպես վնասված։ 2023 թվականի ապրիլին արված լուսանկարներում արդեն երևում է, որ կամուրջը քանդվել է ճանապարհային աշխատանքների ժամանակ", - ասվում է հաղորդագրությունում։
Հալիվորի կամուրջը գտնվում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, Մեծ թաղեր գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Իշխանագետտի վրա։ Կամրջի ճակատի ցուցանակի վրա փորագրված յոթ տողանոց շինարարական արձանագրության համաձայն, այն կառուցվել է 1835 թվականին։ Այդ կամուրջը Իշխանագետ գետի և նրա վտակների վրա կառուցված վեց կամուրջներից մեկն էր։ Դրանցից 4-ը պահպանության և օգտագործման մեջ են եղել մինչև Արցախյան երկրորդ պատերազմը։ Կամուրջը կապում էր Տումի և Մեծ Թաղեր գյուղերը։