
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղյակ են Հայաստանում ներկայությունն ուժեղացնելու Եվրամիության ծրագրերի մասին, ինչի համար առաջիկայում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք նոր հենակետեր կբացվեն Կապան, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հաղորդագրությունը մեկնաբանելու ԶԼՄ-ների խնդրանքին:
"Հենց սկզբից ԵՄ-ականները գործել են միանգամայն ոչ թափանցիկ։ Հայաստանի տարածքում Եվրամիության ներկայության ծավալումը տեղի է ունեցել արագացված, Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները, գործնականում, պարտադրել են իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակն էր նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հիմքի վրա, առանց ադրբեջանական կողմի եւ տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության եւ առանց պատշաճ հաշվետվության", - նշել Է Զախարովան։
Նրա խոսքով, դա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական հիմքը, որի համար գլխավորը Ռուսաստանի դուրս մղումն է Անդրկովկասից, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակաայության թատերաբեմ դարձնելը՝ ի վնաս այնտեղ ապրող մարդկանց արմատական շահերի։
Ռուս դիվանագետի համար ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ "դիտորդների" բազավորման կենտրոնների թվի ավելացումը ոչ մի ընդհանուր բան չունի Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում կայունության եւ խաղաղության հաստատման խնդրի հետ: "ԵՄ առաքելության հաշվետվողականության բացակայությունը միջազգային հանրության եւ, առաջին հերթին, Ադրբեջանի ու Հայաստանի հանդեպ ամրապնդում է "գետնի վրա" ԵՄ գործունեության քողարկված օրակարգի առկայության, նրա առաքելության մանդատում "քաղաքացիական" բնույթի քողի տակ "երկրորդ հատակի" ներկայության կասկածները։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ տարածաշրջանում Եվրամիության գործողությունների իրական դրդապատճառների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր հարցեր են ծագում՝ ոչ միայն մեզ մոտք", - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը։
Նրա խոսքով ՝ իրավիճակի զարգացումը հերթական անգամ ապացուցում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման և, ընդհանուր առմամբ, Անդրկովկասում իրավիճակի առողջացման առավել կայուն և երկարատև հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումն է, այդ թվում ՝ տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը: "Ռուսաստանը կշարունակի աջակցել կողմերին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում", - ամփոփել է Զախարովան: