


Արմինֆո. Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, որից հետո դիմում է սադրիչ գործողությունների: Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պապիկյանի խոսքով՝ Բաքուն փորձում է ձեւավորել տպավորություն, թե իր զինված ուժերի գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում՝ ի պատասխան ՀՀ զինված ուժերի, իբր, ագրեսիվ գործողությունների։ "Իրականում նման բան չկա, իսկ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինելու խաղաղության օրակարգի առաջմղմանը և, իհարկե, պաշտպանելով մեր երկրի ինքնիշխան տարածքը", - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝
Երասխում, ինչի հետեւանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և մեկ այլ օբյեկտ։ Հունիսի 14-ին, ժամը 11:45-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի, որոնց առողջական վիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, գնահատվում է միջին ծանրության։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այսօր ժամը 13:45-ին , ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:



