Արմինֆո.Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը կարևոր է նաև Թուրքիայի և Հայաստանի երկխոսության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերընտրվելուց հետո Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում:
Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նշելով, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի առաջխաղացումը ծանրակշիռ ներդրում կունենա նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: "Տարածաշրջանում խաղաղության դռները, որտեղ շատ վիշտ է եղել, կիսաբաց են։ Ուստի, կողմերը պետք է բաց չթողնեն այդ հնարավորությունը եւ գործեն պատասխանատվությամբ", - ընդգծել է Թուրքիայի ղեկավարը ։
Ընդ որում, նա "կարևոր քայլ" է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Անկարա կատարած այցը: "Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ինձ հնարավորություն ընձեռվեց կարճատեւ շփվել նրա հետ արարողության ընթացքում։ Շնորհակալություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ", - ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև "կարևոր" է համարել Հայաստանի վարչապետի խոսքերն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: "Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի նկատմամբ։ Եվ սա շատ, շատ կարևոր պահ է։ Մինչև այսօր Փաշինյանը հետքայլ չի արել", - ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի սերտ փոխգործակցությունն Ադրբեջանի հետ՝ հանուն թյուրքական աշխարհի միասնության ամրապնդման։
Անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված, արտատարածքային երթուղուն (Զանգեզուրի միջանցք)՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ հարցում խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ՝ Իրանից։ "Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է վշտացնի նաեւ նրանց (Իրանին)", - նշել է նա։
Էրդողանի ասելով՝ երկաթուղային բեռնափոխադրումների մաքսատուրքերը "շատ ու շատ բարձր են"։ "Հուսով եմ, որ այս խնդիրը շուտով կլուծվի։ Տարածաշրջանում հաղորդակցությունների հարցերի նկատմամբ դրական մոտեցման դեպքում կարելի է ձեւավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան երկաթուղային եւ ավտոմոբիլային միասնական ցանց, եւ հնարավոր կլինի բացել "Պեկին-Լոնդոն" ճանապարհը", - չի բացառել Էրդողանը, հաղորդում է Անադոլուն:
Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, թե թույլ չեն տա արտատարածքային միջանցքի բացում ՀՀ ինքնիշխան տարածքով։