Հայաստանի քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա է ընթանում Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և նրանց կողմնակիցներին ազատ արձակելու պահանջով: Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ հարյուր քաղաքացի:
Հավաքվածների ձեռքներին կան Հայաստանի դրոշներ, ինչպես նաև պաստառներ` «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ, նրանք վանկարկում են. «Ազատություն Ժիրայրին», Մմենք ենք տերը մեր երկրի», «Ազատություն»:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ՀԽ անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը: Նրանք կասկածվում են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: «100-ամյակն առանցն ռեժիմի» շարժումը Հայաստանում իշխանափոխության խնդիր է դնում: