Արմինֆո.Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունն անսասան են, այսպիսին էր երկու երկրների ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի այսօր Բաքվում կայացած առանձնազրույցից և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների լեյտմոտիվը:
"Թուրքիան և Ադրբեջանը այսուհետեւ էլ սերտորեն փոխգործակցելու են "մեկ ազգ, երկու պետություն" սկզբունքի հիման վրա։ Մեր երկրների բարեկամությունն ու եղբայրությունն անսասան են", - ասել է Էրդողանը։
Անդրադառնալով բանակցությունների բովանդակությանը՝ նա նաև նշել է, որ երկու երկրների երկխոսության օրակարգի կարևոր հարցը էներգետիկան է: "Այսօր, հատկապես Եվրոպայում, բավականին հետաքրքրված են Թուրքիայի տարածքով գազի մատակարարմամբ։ Նրանք անընդհատ դիմում են մեզ խնդրանքներով։ Մենք, մեր հերթին, անում ենք անհրաժեշտ ամեն ինչ և կշարունակենք ջանքերն այդ ուղղությամբ", - ասել է Էրդողանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և նշել, որ կարևոր է հնարավորինս շուտ լուծել, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" (ՀՀ Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային ուղի - խմբ.) հարցը, ինչը ներդրում կլինի թուրք - ադրբեջանական կապերի ամրապնդման գործում:
Ադրբեջանի նախագահը, իր հերթին, նույնպես անխուսափելի է համարել "միջանցքի" բացումը: "Մենք կուժեղացնենք աշխատանքն այդ ուղղությամբ։ Միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի շատ երկրների համար եւ դրականորեն կազդի տարածաշրջանում համագործակցության վրա", - ըստ «Թուրանի»՝ նշել է Ալիեւը։
Նա նաև ընդգծել է միջին միջանցքի աճող նշանակությունը: Նրա խոսքով ՝ Կասպից ծովով և Ադրբեջանով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է։ "Այդ պատճառով մենք ընդլայնում ենք մեր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունները։ Մենք ընդլայնում ենք Բաքվի նավահանգստի ներուժը մինչև 75 մլն տոննա։ Մենք ամենաժամանակակից մակարդակի ենք բարձրացնում երկաթուղին, նավաշինական գործարանը և այլ տրանսպորտային ենթակառուցվածքները", - ասել է Ալիևը։
Նա նաև նշել է Թուրքիայի տարածքով դեպի եվրոպական երկրներ ադրբեջանական գազի արտահանման ավելացման մասին։ "Դրա համար նույնպես մեծ պահանջարկ կա", - հավելել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնությունը կարեւոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի եւ ողջ թյուրքական աշխարհի համար: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան "հետագայում ևս հիմնվելու են արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր դիրքորոշման վրա":
Ալիևն ուշադրություն է հրավիրել աշխարհաքաղաքական գործընթացներին, որոնք, նրա կարծիքով, "նվազեցրել են միջազգային իրավունքի նշանակությունն ու արդյունավետությունը": "Ցավոք, այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը, իսկ միջազգային իրավունքը չի աշխատում", - ասել է նա՝ պարծենալով Արցախի դեմ ագրեսիայով:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական բանակն այսուհետ ևս զարգանալու է թուրքականի մոդելով, և հաղորդել է 16 համատեղ զորավարժությունների ծրագրման մասին:
Կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս կապակցությամբ նախագահ Էրդողանը հաղորդել է թուրք-ադրբեջանական համալսարանի մոտալուտ բացման մասին։