Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի Հայաստան այցը մեկնաբանել է նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում այն բանում, որ Քիմ Քարդաշյանը որոշել է այցելել նախնիների հայրենիք: Կարծում եմ, որ դա, նույնիսկ, գովելի է: Չէ որ նա հայ է»:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Հայաստան է ժամանել Քիմ Քարդաշյանը` ընտանիքի հետ միասին: Պատմական հայրենիք ուղևորության ընթացքում նրան ուղեկցում են ամուսինը` հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը, դուստրը` Նորթը, և քույրը` Քլոյան:
«Զվարթնոց» օդանավակայանում Քարդաշյանների ընտանիքին դիմավորել են աղուհացով: Պաշտոնական անձանցից Քարդաշյաններին դիմավորել է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:
Քարդաշյաններն իջևանել են Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, որի մուտքի մոտ հայտնի ընտանիքին սպասել է երկրպագուների մեծ ամբոխ:
Քիմ Քարդաշյանի ժամանումը Հայաստան մեծ հետաքրքրություն է հարուցել օտարերկրյա մամուլում: Գործնականում, բոլոր համաշխարհային ԶԼՄ-ներն անդրադարձել են Քարդաշյանների Հայաստան այցին: Մասնավորապես, բրիտանական The Daily Mail-ը նշել է, որ Քարդաշյանը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Արդեն հայտնի է, որ Հայաստանում Քիմն ու իր ընտանիքը 8 օր կանցկացնեն: Ինչպես նախօրեին Քարդաշյանը գրել է իր Instagram-ում, դա կլինի ճանապարհորդություն, որը կհիշի իր ողջ կյանքի ընթացքում: «Ամուսինս ու դուստրս եկել են Հայաստան` ծանոթանալու իմ ժառանգությանն ու նախնիներիս հետ: Ես այնքան ուրախ եմ, որ քունս չի տանում», - իր տպավորություններն է կիսել Քիմը:
Հայաստան այցը կցուցադրվի նաև Քիմ Քարդաշյանի ռեալիթի-շոուում: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի պաշտոնական անձանցից որևէ մեկը կընդունի Քիմին և նրա հարազատներին: