


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հետաքննության հանձնարարությամբ անցկացված հոգեբուժական փորձաքննության արդյունքում զինծառայողը մեղսունակ է ճանաչվել։ Սպանության պահին նա ամբողջովին գիտակցել է իր արարքը։
Աղբյուրի համաձայն՝ փորձաքննությունն անցկացվել է Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում, որտեղ կալանավորված է Պերմյակովը։ «Փորձագետները որոշակի հոգեկան շեղումներ են հայտնաբերել, սակայն, ընդհանուր առմամբ, նա հոգեպես առողջ է ճանաչվել»,- նշել է աղբյուրը։
Աղբյուրը պարզաբանել է, որ եթե զինծառայողն անմեղսունակ ճանաչվեր, օրենքի համաձայն, նա կազատվեր քրեական պատասխանատվությունից եւ դատարանի որոշմամբ, հնարավոր է, ուղարկվեր հարկադիր բուժման։ «Իսկ այժմ բոլոր հիմքերը կան նրան վերջնական տեսքով մեղադրանք առաջադրելու, հետագայում մեղադրական եզրակացության հաստատման ու գործը դատարան ուղարկելու համար»,- նշել է աղբյուրը։ Ավելի վաղ Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, որ Պերմյակովի դատավարությունը կընթանա Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում` բաց ռեժիմով:
Միևնույն ժամանակ, ապրիլի 8-ին կայազորային ռազմական դատարանն արտագնա նիստի ընթացքում երկարաձգել է շարքային Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:
Ավելին, դատավարության ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն խստացրել և կոնկրետացրել է Պերմյակովին ավելի վաղ առաջադրված մեղադրանքները:


