Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցերը կկատարի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այցերը տեղի կունենան հունիսի 12-13-ը: Հյուսիսային Կիպրոս այցի շրջանակում Թուրքիայի նախագահը մտքեր է փոխանակելու բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ: Բացի այդ, քննարկվելու են Կիպրոսում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Էրդողանը բանակցություններ կվարի առաջիկա ժամանակահատվածում ադրբեջանաթուրքական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի շուրջ:
Մայիսի 28-ի ընտրությունների արդյունքում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ժամկետը կտևի մինչև 2028 թվականը, հաղորդում է Անադոլուն: