Արմինֆո.ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
"Առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա", - հայտարարել է դիվանագետը՝ դիմելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Վկայակոչելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն այն մասին, որ " կարելի է հասնել խաղաղության Հարավային Կովկասում", դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնում իսկապես հավատում են դրան: <ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Տևական և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու, հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման եւ սահմանագծման, տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ լարված աշխատանքը մեծ ծահաբաժիններ կբերի Ադրբեջանին: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալի կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից>, - ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանն ու դրա հետևանքներին: <Որպես անվտանգության բարձրացման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարման, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքի և տեղաշարժի ապահովման համար, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել ՄԱԿ Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին և ոգուն", - ասել է Քարփենթերը։
Դիմելով Բայրամովին՝ նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ հիմունքներով, ինչպես նաև այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: