Արմինֆո. 5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ: Այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ քաղաքացիները տեղաշարժվում են ռուս խաղաղապահների մեքենաներով և սահմանային հսկողություն են անցնում ադրբեջանական կողմից ապօրինի տեղադրված Հակարի կամրջի անցակետում: Օմբուդսմենը նշել է, որ անցակետում տեսանկարահանումը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն իրականացնում են այնպես, որ կադրերում ռուս խաղաղապահներ չհայտնվեն: Այս կերպ, Գեղամ Ստեփանյանի հավաստմամբ, Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին ներկայացնել կեղծ պատկեր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանից դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ Ադրբեջանի անցակետերով ազատ տեղաշարժվում են: Բացի այդ, քաղաքացիների խոսքերից հայտնի է դարձել, որ ադրբեջանցի սահմանապահները հայ քաղաքացիներին խնդրում են սահմանը հատել սեփական ավտոմեքենաներով՝ առանց ռուս խաղաղապահների, ինչն, անշուշտ, որոշակի նպատակներ է հետապնդում: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12 - ից Ադրբեջանը փակել էր Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Գորիս-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է ԼՂՀ բնակչությանը գազը, վնասել է Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրահաղորդման գիծը։
Նշենք, որ ապրիլի 23-ի ցերեկը Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին: Ընդ որում, որպես անցակետի տեղադրման պատճառ թշնամական կողմի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը, իբր, "Հայաստանից Արցախ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկայի փոխադրումը կանխելու նպատակով":