Արմինֆո. Տավուշի մարզում պետական սահմանների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այդ մասին հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարզպետ Հայկ Ղալումյանը, հավելելով, որ մարզում կյանքը շարունակվում է իր հունով։
Խոսելով մի շարք անկլավներ Ադրբեջանին հանձնելու հնարավորության մասին՝ մարզպետն ընդգծել է, որ այդ մասին բազմիցս խոսվել է, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: "Մենք բոլորս գիտենք, որ դա գաղտնիք չէ, ողջ գործընթացը թափանցիկ է ընթանում", - նշել է Ղալումյանը, հավելելով, որ բանակցային գործընթացի շրջանակներում մարզում ոչինչ տեղի չի ունենում: <Երբ որևէ բան հայտնի և հասկանալի լինի, հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Պետք է հասկանալ, որ կան նաև անկլավներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մոտ 950 հեկտար հողատարածք ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման գործընթացում ։ Գլխավորը խաղաղության պայմանագիրն է, իսկ մնացած բոլոր խնդիրները լուծելի են", - ընդգծել է մարզպետը։
Նշենք, որ, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները Հայաստանում գտնվում են Տավուշի և Արարատի մարզերում։ Դրանք են Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար և Վերին Ոսկեպար, Բարխուդարլի, Սոֆուլու գյուղերը, ինչպես նաև Տիգրանաշենը։ Հավելենք, որ հայկական Արծվաշեն գյուղը Բաքվի վերահսկողության տակ է անցել 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։