Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղեկություն չունեն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ամսաթվի մասին: Այդ մասին հունիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա նշել է, որ կոնկրետ ամսաթվի մասին տեղեկություն չունի։ "Բայց, այո, մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների եւս մեկ փուլի անցկացմանը Վաշինգտոնում՝ այս ամսվա վերջին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել խաղաղ ապագայի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես արդեն լսել եք ինձանից, ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ առաջնորդների վերջին հանդիպումը։ Բայց ես այլ բան չունեմ առաջարկելու այդ կապակցությամբ", - նշել է նա։