Արմինֆո. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանքել է Ադրբեջանի քաղաքացիներին ուղղված այդ երկրի ԱԳՆ կոչին՝ ձեռնպահ մնալ ԻԻՀ մեկնելուց:
Իրանցի դիվանագետը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ "Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, այլ ոչ թե քաղաքակիրթ իսլամական Իրանով": Քանանին ընդգծել է, որ "Իրանի քաղաքականությունը նախկինի պես ուղղված է վիզաների չեղարկմանը և ադրբեջանցի եղբայրների ու քույրերի գրկաբաց ընդունելուն": "Իսլամական Հանրապետությունը նպատակ ունի շարունակել բարեկամական բնույթի քաղաքականությունը ՝ փոխադարձ հարգանքի շրջանակներում", - եզրափակել է նա:
Հունիսի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց: "Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության սահմանափակումը, այս տարվա հունվարին Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչական գործողությունից հետո երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում չայցելել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չկա, իսկ այց կատարողները պետք է բարձր զգուշություն ցուցաբերեն", - ասված է նախազգուշացրել է գերատեսչություննը: Ընդ որում, Բաքվում ընդգծել են, որ արդեն Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պետք է պահպանեն անվտանգության միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն:
Հունիսի 1-ին հայտնի էր դարձել, որ "Իրանում անհետացած Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին" ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, տղամարդը Իրան էր մեկնել փետրվարի 20-ին և մարտի 4-ից հետո կապի դուրս չի եկել: Ադրբեջանն արդեն նոտա է հղել Իրանին՝ Ֆարիդ Սաֆարլիի անհետացման կապակցությամբ:
Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո: