Արմինֆո.Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցներից ակնկալում է նվազագույն արձագանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին: Այդ մասին հունիսի 5-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով ՝ Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ հայտարարության տեքստում նշվի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիայի փաստը: Ընդ որում, ինչպես նշել է ԱԳ նախարարը, այդ հանգամանքը նախապայման չէ։ Երևանը բազմիցս բացատրել է ՀԱՊԿ առաքելությանն առնչվող իրավիճակը և պատրաստ է կրկին անել դա, բայց ակնկալում է, որ հայտարարության տեքստում նշված կլինի, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքը, նրա սահմանը խախտվել է, հետևաբար, դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն կա։ "Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի մեջ մտնում ենք։ Մեր գործընկերների համար մինչ այժմ այդ պնդումն անհնար է եղել", - ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ կազմակերպությունում, գործնականում, լեգիտիմացվում է Բաքվի այն պնդումը, թե սահմանազատման ենթարկված սահմանների բացակայության պատճառով Հայաստանի տարածք ներխուժելու մասին խոսու հարկ չկա: "Ավելի լավ է մեր դաշնակիցները հայտարարություններով հանդես չգան, քան հանդես գան հայտարարությամբ, որը լեգիտիմացնում է Ադրբեջանի պնդումները", - ասել է Միրզոյանը: