

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շուրջ վերջին իրադարձություններից իշխանությունների կյանքը ոչ միայն չթեթևացավ, այլ`բարդացավ, քանի որ քաղաքական դաշտում ի հայտ եկավ ևս մեկ ընդդիմադիր ուժ`ի դեմս ԲՀԿ-ի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ԲՀԿ կազմաքանդումը թեթևացրեց իշխանությունների կյանքը:
Ըստ որում, Բաղդասարյանը նշել է, որ ԲՀԿ-ն դեռ պետք է մեծ ճանապարհ անցնի որպես ընդդիմադիր ուժ կայանալու համար: Անդրադառնալով Քոչարյանի մեկ այլ հավաստմանը, թե սահմանադրական փոփոխություններն անիմաստ են, և Հայաստանում առկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, իսկ կառավարման խորհրդարանական ձևի անցումն անընդունելի է`քաղաքական ուժերի չկայացվածության պատճառով, Բաղդասարյանը հայտարարել է. ՙՉեմ կարող համաձայնել Ռոբերտ Քոչարյանի կարծիքին: Այո, Հայաստանի քաղաքական դաշտում կարճօրյա կյանք ունեցող շատ կուսակցություններ կան, բայց կան նաև խոշոր, կայացած, ավանդական քաղաքական ուժեր: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մենք նպատակահարմար ենք համարում դրանք, իսկ ՀՀԿ-ն, որպես քաղաքական թիմ, աջակցում է հանրապետության` կառավարման խորհրդարանական ձևի անցմանը: Բայց եթե այլ առաջարկներ ստացվեն մյուս քաղաքական ուժերից, մենք պատրաստ ենք քննարկել դրանք՚:
Մեկնաբանելով Քոչարյանի այն հայտարարությունը, որ քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի`Բաղդասարյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է հետ կանչել ստորագությունն այդ փաստաթղթերից:



